Այսօր առավոտվանից համացանցում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում համատիրություններից զանգահարում են բնակիչներին և ասում, որ ներկայանան համատիրություն և ստանան իրենց հասանելիք ձվի կտրոնները՝ դա կապելով Երևանի ավագանու ընտրությունների հետ :

YerevanNews.am-ը փորձեց Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի համատիրություններից ճշտել, թե լուրը համապատասխանում է իրականությանը:

«Արմեն», «Աբուլ», «Արսեն», «Արփի» համատիրությունների աշխատակիցները վստահեցրեցին, որ նման բան չկա և այդ տեղեկությունն ուղղակի զրպարտություն է: Սակայն ոչ բոլոր համատիրություններում էր, որ հերքեցին այս լուրը:

«Մալաթիա» համատիրության կառավարիչ Նախշուն  Պետրոսյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ կա նման բան, բայց  ոչ թե համատիրություններն են ձու բաժանում, այլ վարչական շրջանի սոցիալական ապահովության բաժինն է, որն անապահով ընտանիքներին Սուրբ Զատկի տոնին ընդառաջ նման ակցիա է կազմակերպում:

Թերևս նույն պատասխանն էլ տվեց «Լիլիա» համատիրության ղեկավար Մանուկ Մանուկյանը, ասելով, որ  դա թաղապետարանի սոցիալական ապահովության բաժինն է նախաձեռնել ու իրենք միայն կտրոններն են տալիս բնակիչներին: Հետաքրքրվեցինք, թե բոլորին է հասնում՝  նա պատասխանեց, որ իրենց շրջանից միայն 18 անձանց:

Ուշագրավ էր «Գավառ» համատիրության  աշխատակցի պատասխանը, թե դա իրենց համատիրության ղեկավար Արայիկ Գրիգորյանն իր անձնական միջոցների հաշվին է անում: YerevanNews.am-ը փորձեց ճշտել, թե համատիրության ղեկավարը հաճա՞խ է նման բարեգործություններ անում, աշխատակիցն  ասաց, որ ամեն տարի էլ Սուրբ Զատկի տոնին  իր կողմից բարեգործություն է անում :

Համատիրությունների բոլոր ներկայացուցիչներն էլ միաձայն ժխտեցին, որ դա կապված է Երևանի ավագանու ընտրությունների հետ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Գևորգ Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքներին  այս օրերին ձու է հատկացվում.«Դեռևս լուսահոգի Զատիկյանի ժամանակներից Զատկի տոների նախօրյակին շրջանի անապահով բնակիչների մի մասին, բնականաբար, բոլորին չենք կարող, առավել անապահով ընտանիքներին Զատկի տոնի կապակցությամբ օգնություն է տրամադրել: 20 հատ ձու»,-­ասաց Գևորգյանն ու պատասխանելով մեր այն հարցին,  թե այս հատկացումն  ի՞նչ կապ ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, ասաց.«Սա մեր բյուջեյով է հատկացվում, Երևան քաղաքի բյուջեով հատկացված ծրագիր է: Իրականացվում է ամեն տարի` անկախ նրանից ընտրություններ կլինեն, թե չէ: Ամեն տարի մենք սա արել ենք ու զարմանալի է, որ այս տարի է միայն , որ լրատվամիջոցները դա նկատում են»: