Քիչ առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարություններին նշեց, որ ինքը մնում է այն կարծիքին, որ համակարգը պետք է փոխվի վերեւից՝ առանց բացառության:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը ներողություն խնդրեց Սուրեն Խաչատրյանից այն բանի համար, որ նրան դիմել էր «Լիսկա» մականվանմամբ:
«Մեկ անգամ ասել էր, որ ինքը հպարտանում է իր մականվամամբ, ես էլ իրեն դիմել եմ պարոն Լիսկայով, բայց եթե ես իրեն վիրավորել եմ, սրանից հետո ես իրեն կասեմ պարոն Խաչատրյան և ներողություն, որ վիրավորել եմ ձեր փխրուն հոգին»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում Սուրեն Խաչատրյանն ասել էր. «Ուրեմն, տեսեք, հիմա, քիչ առաջ ինքը խոսում էր մականունով։ Դեռ իրեն որևէ մեկը թույլ չի տվել մարդկանց հետ մականունով խոսել։ Եվ ես իրենից պահանջում եմ, որ ներողություն խնդրի մականունով խոսելու համար։ Ես, երբ որ առիթ է եղել, իր հետ խոսելու, դիմել եմ «պարոն Հովհաննիսյանով»։ Հիմա էլ դիմում եմ պարոն Հովհաննիսյանին, հիմա ես խնդրում եմ, որպեսզի իրեն տեղեկացնեք, որ մականունով խոսելու համար պետք է ներողություն խնդրի»:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Սուրեն Խաչատրյանը իրավունք չունի իր հոր հասցեին ապատեղեկատվություն տարածի:
«Ինքը իմ հոր հասցեին այնպիսի կեղտոտ սուտ, կեղավոր բաներ է ասել, որի համար ես իրեն նրողույթուն խնդրել չեմ պահանաջում, այլ ասում եմ, այն մարդը, ով կեղծ բաներ կխոսի իմ հոր մասին, ուրեմն ինքը ստոր ոչնչություն է»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ նույն հոդվածում Սուրեն Խաչատրյանն ասել էր.«Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքից և ոչ մեկը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ միասին ծանր իրավիճակում էր, ոչ մի մասնակցություն չունեցան այդ սահմանների պաշտպանության գործում։ Բայց ես 1988 թվականին ապրում էի ավելի շքեղ պայմաններում Հայաստանից դուրս՝ Ուկրաինայի հանրապետությունում, շատ ավելի շքեղ պայմաններում։ Ես 1988-ին թողեցի էդ իմ շքեղ ապրելակերպը, և 1.5 միլիոն դրամ դրեցի, զենք և զինամթերք գնեցի, բերեցի և ինքս էլ գնացի սահման մինչև 1994-ի զինադադարի պայմանագրի ստորագրումը։ Ուրեմն, էդ ժողովրդի աչքի առաջ էր, էդ Սյանեցու աչքի առաջ էր և Սյունեցին այդ ամեն ինչը տեսավ։ Դրանից հետո խաղաղ պայմաններում… Սյունեցին մի շատ պարզ ճշմարտություն գիտի, որ չկա Սյունիքում անպատժելիություն, ոչ մեկը իրավունք չունի իրեն ժողովրդից բարձր դասել, ոչ մեկը իրավունք չունի ուրիշի ունեցվածքին փորձի աչք գցել, ոչ մեկը իրավունք չունի հենց ընենց մեկին վիրավորի, կոպտի։ Սյունեցի ները այդ ամեն ինչը լավ գիտեն (…): Հիմա կարող եմ բացեմ, դուք կարդաք և տեսնեք Րաֆֆի Հովհաննիսյանի հոր և այդ խմբի հակահայկական քարոզչությունը։ Միգուցե՝ նաև տեղյակ եք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելով խոսքն ասաց. «Ես իմ հոր հետ համեմատած ոչ մի բան եմ, իսկ դուք պարոն Խաչատրյան 0-ից պակաս եք:Եթե դուք սպառնում եք, որ օձի պես իմ գլուխը պետք է ջարդեք, ապա ես Ձեզ ժամադրում եմ: Երկուշաբթի ժամը 10.00--ին ՝ Կապան՝ ժողովրդի առաջ»:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը լրագրողին նույն հարցազրույցում ասել էր.«Եթե ես 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ։ Հասկացա՞ր, ինչ եմ ասում, Սեդա (ծիծաղ)։ Ո՞նց, չես ճանաչո՞ւմ ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ օձի գլխի պես»։