Այսօր, մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, կազմակերպվել են արիության դասեր ինչպես հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արցախի մայր ԲՈՒՀ-ում ավանդաբար արիության դասը վարել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

ՊԲ հրամանատարը ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, խոսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրվա առանձնահատուկ նշանակության մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի ներկա ու հաջորդ սերունդները շարունակեն հավատարիմ մնալ այդ արժեքներին և ունենան կամք ու վճռականություն դրանց տեր կանգնելու համար:

Մովսես Հակոբյանը համալսարանականներին ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները և վստահեցրել, որ պաշտպանության բանակն այսօր ունի բոլոր անհրաժեշտ միջոցները Արցախի Հանրապետության պետական սահմանների անառիկությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: