Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մասնակցելու առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 9-ին սուրբ և անմահ Պատարագ մատուցեց Վաշինգտոնի Անարատ հղության մայր տաճարում:
Սրբազան արարողությանը մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պատվավոր հյուրեր, Միացյալ Նահանգների տարբեր ծուխերից ու համայնքներից այս առիթով ժամանած հազարավոր հավատացյալներ, Վաշինգտոնի Արքեպիսկոպոս Նորին Գերազանցություն Կարդինալ Դոնալդ Վերլը և Քույր Եկեղեցիների այլ ներկայացուցիչներ:
Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը բերեց ներկաներին: