Տևական ժամանակ է, ինչ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ, որի ղեկավարը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրն է, կրքերը չեն հանդարտվում: Մարդիկ դուրս են գալիս փողոց, ստորագրահավաքներ կազմակերպում, իսկ արդյունքում պարզվում է, որ տարիներ շարունակ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվում են խախտումներ, սակայն, կամ տուգանքներ չեն նշանակվում, կամ նշանակված տուգանքներն ավելի շատ զավեշտի են նմանվում: Այս մասին գրել է «Առավոտ» օրաթերթը:
«Մաքսիմ Հակոբյանը վայելում է պետական հովանավորությունը նաև գյուղատնտեսության ոլորտում: Դեռևս 2011 թ-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երշիկ արտադրող 21 ընկերությունների անբարեխիղճ մրցակցություն իրականացնելու և սպառողներին մոլորեցնելու համար տուգանեց սահմանված առավելագույն պատժաչափով՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որոնց թվում էր «Մարիլա» ընկերությունը, որի արտադրանքի մեջ օգտագործվել էր գոմեշի միս և սոյա՝ առանց մշակման:
Մինչդեռ սննդի շղթան վերահսկվում է սննդի անվտանգության պետական ծառայության կողմից, որը մինչ օրս չի պարզաբանել՝ հայտնաբերված խախտումները վերացվե՞լ են, թե՞ ոչ»: Թերթն անդրադարձել է նաև Հակոբյանների ընտանիքին պատկանող սպանդանոցում արձանագրված բրուցելոզի դեպքին ու նշել. «Հավանաբար, գործադիրի ներկայացուցիչները այդքան էլ լուրջ չընդունելով այս ամենը՝ սպասում են բազմամարդ բողոքի ակցիայի արդեն կառավարության շենքի դիմաց, որին հնարավոր է՝ հաջորդի վարչապետի խիստ հանձնարարականը»,- հավելել է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: