Սիրելի բուժքույրեր, այսօր ձեր մասնագիտական տոնն է, թերևս ամենամարդասիրական, ամենաբարի, ամենաազնիվ, ամենաշնորհակալ մասնագիտության օրը: Կա՞ ավելի գեղեցիկ, հոգին խաղաղեցնող և Աստվածահաճո գործ, քան մարդու ցավը ամոքելը, քան տառապող մարդուն ժպիտ պարգևելը: Ձեր մի սրտապնդող հայացքը, կարեկից խոսքը, հոգատարությունը, խնամքը կարող են հրաշքներ գործել ու օգնել, որ հիվանդը հավաքի հոգու արիությունը, պայքարի հիվանդության դեմ ու ոտքի կանգնի: Կա՞ ավելի մեծ վարձատրություն, քան արդեն առողջացած հիվանդի երախտագիտությամբ լի հայացքը, նրա օրհնանքն ու բարեմաղթանքը: Դուք հիվադի պահապան հրեշտակն եք, դուք եք նրա կողքին ամեն պահի, դուք եք խնամում հիվանդին, ու ձեր մասնագիտական հմտությունները էական նշանակություն ունեն հիվանդի ապաքինման գործում: Իսկ Զինվորական բուժքույրերի գործը կրկնակի է կարևորվում, որովհետև նրանք ոչ միայն գթության քույր, այլև մայր են հիվանդ զինվորի համար, որը ծնողներից հեռու՝ զինվորական բժիշկներին է ապավինել, նրանց է վստահել իր կյանքն ու առողջությունը:
Սիրելի զինվորական բուժքույրեր, գիտեմ, թե քանի անքուն գիշեր եք լուսացրել հիվանդ զինվորի հիվանդասենյակում, գիտեմ, թե քանի հիվանդ զինվորի եք խնամել մայրական սիրով ու ջերմությամբ, սրտացավորեն ու բազմապատկված հոգատարությամբ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, փառք ու պատիվ ձեզ, ձեր մասնագիտությանը: Թող սերն ու երջանկությունը իշխեն ձեր ընտանիքներում, թող ձեր զավակները առողջ ու հաջողակ լինեն:Թող ձեր բոլոր հիվանդները առողջանան, ուրախությամբ լցնեն ձեր սիրտը ու շռայլորեն վարձատրեն ձեզ իրենց շնորհակալությամբ ու սիրով:
Այս տոնական օրվա առիթով չեմ կարող չհիշել բոլոր այն բուժքույրերին, որոնք ազգային ազատագրական պայքարի օրերին զենք առան, մեկնեցին ճակատ, որ դարմանեն Հայրենիքի ազատության համար մարտնչող զինվորի ցավը, կյանքեր խլեն մահվան ճիրաններից, հաճախ՝ սեփական կյանքի գնով, դառնան քույր ու մայր հայ ռազմիկի ու զինվորի համար: Խորին խոնարհում Արցախյան պատերազմում զոհված բուժքույրերի հիշատակի առջև: Նրանց սխրանքով սերունդներ են արիանալու այսօր և ընդմիշտ:
Չեմ կարող չհիշել ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած և Հայրենական պատերազմի բոցերով անցած հայ բուժքույրերին: Նրանք նոր տողեր ավելացրին մեր պատմության Փառքի հուշամատյանում: Ոմանք դեռ ողջ են, մեր մեծ ակնածանքն ու մեծարանքը նրանց: Պատվարժան կյանք եմ մաղթում բոլորին ու երջանիկ ծերություն:
Շնորհավոր տոնդ, հայ բուժքույր:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ