Yerevannews.am-ը ևս մեկ հետաքրքիր հարցազրույց է ներկայացնում, որն ունեցել է մշտապես քննարկվող և պահանջարկ ունեցող դերասանուհիներից մեկի հետ: Իսկ վերջին շրջանում նրա անձի շուրջ խոսակցություններն ու քննարկումները բազմապատկվեցին: Պատճառն ամուսնությունն էր:
Խոսքը շնորհալի և իրավամբ յուրահատուկ դերասանուհի Նաիրա Մովսիսյանի մասին է, որի ամուսնական կյանքի և մասնագիտական ծրագրերի մասին պարզաբանումները կարդացեք ստորև:

Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

Գլոբալ իմաստով ոչինչ: Պարզապես ժամանակային առումով ավելի շատ եմ տանը լինում: Սակայն դա պարզապես համընկավ, քանի որ բուռն աշխատանքային գործունեությունս հունիսի 1-ից է սկսվելու:

Համամի՞տ եք, որ կենցաղը սովորական է դարձնում զույգի հարաբերությունները և սպանում է որոշակի զգացմունքներ:

Ընդհանրապես փորձում եմ կենցաղում շատ չլինել, իսկ մյուս կողմից տեսակով կենցաղային չեմ և դա օգնում է խուսափել այդ բացասական երևույթներից: Կարծում եմ կենցաղը չի հասցնի ինձ սովորական դարձնել:

Հարցին, թե դու՞ք եք Ձեր ամուսնուն ավելի լավ ճանաչում, թե՞ նա Ձեզ, երիտասարդ դերասանուհին պատասխանեց, որ իրեն անկանխատեսելի է համարում և շատ դժվար է իրեն ճանաչել: Այդ իսկ պատճառով վստահ է, որ ինքն է ավելի լավ ճանաչում ամուսնուն:

Հանուն սիրելիի և ընտանիքի ինչի՞ց կհրաժարվեք:

Հաստատ ոչ իմ աշխատանքից: Երբե՛ք:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը և ծրագրերին՝ հմայիչ դերասանուհին նշեց, որ «Գլամուրային չոբաններ» և «Դոն Ժուան ավիա» ներկայացումները շարունակվում են, իսկ եկող ամսվա սկզբից նաև նոր ծրագրում է նկարահանվելու, որի մասին դեռևս չի ցանկանում մանրամասնել: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված հեռուստաէկրանից տևական ժամանակ չերևալու դադարը Նաիրա Մովսիսյանը պատասխանեց.

Նախ փակվեց «Կյանքի կարուսել» ծրագիրը, հետո ես բազմիցս ասել եմ, որ չի կարելի, որ նույն դեմքերն անընդհատ հայտնվեն էկրանին, որովհետև հոգնեցնող է և որոշակի դադար է պետք, իսկ երրորդ պատճառն այն է, որ մի քանի առաջարկ եմ մերժել, քանզի հասկացել եմ, որ տվյալ մարդկանցից սովորելու բան չունեմ:

Թատրոնը՞, թե՞ հեռուստատեսությունն է Ձեզ առավել հոգեհարազատ:

Երկուսն էլ շատ հետաքրքիր ու հոգեհարազատ են և միևնույն ժամանակ շատ-շատ տարբեր: Նախկինում ինքնադրսևորման համար թատրոնն էի ավելի շատ համարում որպես կենդանի արվեստ, իսկ հիմա երկուսում էլ կարողանում եմ հավասարապես լուծել այդ խնդիրը: Եթե կարիք եմ ունենում որևէ ավել խոսք ասելու ըստ կերպարի, ապա երկու վայրում էլ կարողանում եմ արտահայտվել:

Դերասանուհին նաև ավելացրեց, որ վերջին շրջանում նկատել է ռեժիսորների կամ պրոդյուսերների կարծիք, որ ամուսնությունից հետո Նաիրա Մովսիսյանը չի ցանկանում նկարահանվել և կտրականապես ժխտեց այդ կարծիքը: