ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը կրկին անդրադարձել է իր բուժման նպատակով ՀՀ կառավարության կողմից 20.5 մլն տրամադրելուն, և իր՝ այդ գումարն ընդունելու հետ կապված մեղադրանքներին: Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներ, իմացա, որ կրքեր են բորբոքվել իմ բուժմանը պետականորեն աջակցելու հետ կապված։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք։ Ինձ իրականում շատ ավելի մեծ փոխհատուցում է հասնում։ Պետականորեն ներողություն են խնդրել կորցրածս 17 ու կես տարիների համար ու առաջարկել փոխհատուցում 1991թ.-ին։ Ես այն ժամանակ չուզեցի մեր պետության հոգսն ավելացնել։
Գալով այդ հատկացված գումարին` դա բուժհիմնարկների նախնական նշած գումարն է, որ կարող է ավելանալ և պակասել` կախված ընթացքից։ Ճիշտ վարվեցին բոլոր այն անձինք՝ բժիշկներն ու պետական գործիչներն, ովքեր իմ առողջականը տառացիորեն փրկելու նպատակով կատարեցին այդ հատկացումը։ Ես, իհարկե, ունեմ այն փոխհատուցելու ծրագիր (դրա մասին ժամանակին կխոսեմ), բայց դա իմ կյանքի նպատակը չէ։ Ապրեն այն ընկերներս ու համեստ գործարարները, բարեկամներս, ովքեր ինձ զորակցում են թե հոգեպես, թե նյութապես։ Այսօր երկրորդ բժիշկը հետազոտեց. նոր ցավազրկողներ տվեց։ Զատիկից հետո, որ այստեղ էլ լուրջ նշում են, հավանաբար, կսկսի հիմնական բուժումը։ Ամենայն բարիք բոլորին»: