Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է: Այս առիթով Հայաստանում աշխատող բուժքույրերը հանդիպում ունեցան լրագրողների հետ: Մասնագետները ներկայացրեցին Երևանում և մարզերում առկա, այս բնագավառում հաճախ հանդիպող խնդիրները: Թեպետ, նրանց համոզմամբ՝ որպես այդպիսին խնդիրներ ոլորտում չկան. դրանք բնական և լուծելի հարցեր են, այնուամենայնիվ, բուժքույրերը մասնավորեցրեցին հատկապես վերապատրաստման հարցը:

«Բուժքույրերի շարունակական կրթությունը շատ կարևոր է: Բազային կրթությունից բացի, նրանք պետք է վերապատրաստվեն և հմտանան իրենց գործի մեջ»,- նշեց ՀՀ «Բուժքույրերի միավորում›› ԿՀ նախագահ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը: 

Գեղանուշ Ստեփանյանը հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ սոցիալապես անապահով բուժքույրերը վերապատրաստվում են պետպատվերի շրջանակներում, ծախսերը հոգում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հայաստանում բուժքույրերի համար անցկացվող մի շարք դասընթացներից մասնագետները նշեցին «Ձեռքի հիգիենայի», բուժքույրերի պրոֆեսիոնալ կարողությունների ավելացման ու բուժսպասարկման ոլորտում բուժքույրերի կրթության, գիտելիքների և փորձի բարելավմանն ուղղված ծրագրերը:

Հայաստանցի բուժքույրերը համագործակցում են արտասահմանցի բուժքույրերի հետ, փորձի փոխանակման նպատակով համատեղ դասընթացներ են կազմակերպվում:
Մասնագետները համոզված են՝ բուժքույրն իրեն գնահատված է զգում Հայաստանում, բանիմաց, գրագետ և բարեխիղճ բուժքույրը միշտ ուշադրության կենտրոնում է:
Բուժքույրերի միջազգային օրվա առիթով՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ուղերձ է հղել բուժքույրերին, որում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ բուժքույրերի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անհնար է գերագնահատել ձեր ունեցած դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով, ձեր բարի վերաբերմուքով դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին››:

Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան