«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որ իր խորհրդաարանական գործունեության ողջ ընթացքում որևէ ելույթ չի ունեցել, որևէ ծպտուն չի հանել, զբաղված է օրենսդրական ակտիվ գործունեությամբ և արդեն երկու նախագիծ է ներկայացրել: Դրանցից մեկը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում, մյուսը՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններին:
Սա, ի դեպ, ոչ թե ապրիլմեկյան հումոր է, այլ՝ փաստ: Միայն թե ՍԱՍ-ի Արտակը նախագիծը միայնակ չի ներկայացրել. նրա հետ համահեղինակ է փաստացի անկախ, իսկ իրականում՝ իշխանությունների հետ բավական ջերմ հարաբերություններ ունեցող և քվեարկությունների ժամանակ հարկ եղած դեպքում ՀՀԿ-ին օգնության հասնող պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ուղղակի, Արտակ Սարգսյանն «ագահություն» է արել ու նախագծի տակ առաջինն է ստորագրել՝ տպավորություն ստեղծելու համար, թե իրական հեղինակն ինքն է (թեև ակնհայտ է, որ նա կդժվարանա անգամ բանավոր վերարտադրել նախագծի մոտավոր բովանդակությունը, ասել է թե՝ այն գրել է գործընկերը):
Իսկ Էդմոն Մարուքյանն էլ «օգնել է» նախագիծը գրելու հարցում հավանաբար մեկ պատճառով. Մարուքյանը ցանկանում է «Բաղրամյան 26-ի պետպատվերով իրականացվող ինստիտուցիոնալ ընդդիմություն» ծրագրի շրջանակներում սեփական կուսակցությունը բացել: Քանի որ կուսակցություն բացելն ու պահելն առաջին հերթին ֆինանսներ է պահանջում, Մարուքյանը հավանաբար որոշել է հարցն այսպես լուծել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: