«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը միջազգային հարթակում շարունակում է պատվով ներկայացնել մեր երկիրը: «Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած ֆուտբոլ խաղացող ռոբոտները հաջողությամբ են ներկայացվել 2014 թվականին Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Ռոբոտիկայի լաբորատորիայում ներկայացվել են այս եւ մյուս` գծին հետեւող եւ հրշեջ ռոբոտները, անօդաչու թռչող սարքերն ու ներկա պահին «Այբ»-ի աշակերտների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս նախագծերը: Այս գործընթացներին իր գործընկերությամբ աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Կրթության մեջ գործնական մեթոդների կիրառման նպատակով «Այբ» դպրոցում այսօր կայացավ ‹‹Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչև արտադրություն›› թեմայով գիտագործնական սեմինար: Նպատակը ուսուցիչներին օգնելն է ‹‹LEGO education›› տեխնոլոգիաների միջոցով սևեռել աշակերտների ուշադրությունը ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտիկայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի հանդեպ և նրանց ներգրավելն այս ոլորտում:
Միջոցառման բացման ժամանակ՝ լիագումար նիստում, ելույթներ ունեցան «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ՎիվաՍԵլ- ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում LEGO Education-ի կրթական ծրագրերի տնօրեն Օլգա Լոմբասը և Creative Educational Technologies ՍՊԸ նախագահ Ռուբեն Հարությունյանը:
Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի՝ 21-րդ դարի կրթությունը պետք է հնարավորություն ընձեռնի երեխաներին սովորելու խնդիրներ լուծել և փորձարկումներ իրականացնել, այն պետք է զարգացնի երեխաների ստեղծագործական ունակությունները, մոտիվացնի և ուղղորդի: Հենց նման միջոցառումներն էլ ուղղված են դպրոցներում ուսումնական գործընթացների բարելավմանը:
«Հայաստանում շատ ոլորտների արագ զարգացմանը խոչընդոտում է անհրաժեշտ գիտելիքի, փորձի եւ ենթակառուցվածքի բացակայությունը։ Ռոբոտիկայի ոլորտը, սակայն, գտնվում է բուռն զարգացման այնպիսի շրջանում, երբ սիրողական խմբերը հաճախ հասնում են ավելի հետաքրքիր արդյունքների, քան փորձառու գիտական հաստատությունները»,- նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընգծեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումն ու դրա հետագա զարգացումը. ‹‹Մենք այնտեղ ենք, որտեղ կա այդ հնարավորությունը: Հաճելի է տեսնել, որ ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդների ջանքերը հաջողությամբ են պսակվում››:
Զեկույցներին հաջորդեցին վարպետության դասերը՝ նախատեսված տարրական և միջին դպրոցների ուսուցիչների համար:
Միջոցառումն ուղեկցվեց LEGO Education ընկերության կրթական տեխնոլոգիաների գործնական ցուցադրությամբ:
Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան