Մահապատիժը պատժի ամենախիստ ձևն է, որն այսօր արգելված է շատ երկրներում: Իսկ այնտեղ, որտեղ այն գործում է, կիրառվում է միայն խիստ ծանր հանցանքների դեպքում: Սակայն, միևնույն ժամանակ, կան երկրներ, օրինակ Չինաստանը, որտեղ պատժի այս տեսակը կիրառվում է անգամ ավելի թեթև հանցանքներ կատարելու դեպքում՝ կաշառակերություն, խարդախություն, դրամի կեղծում, հարկերից խուսափում, մաքսանենգություն և այլն:

Այսօր կանդրադառնանք մահապատժի այն ձևերին, որոնք կիրառվում են ժամանակակից աշխարհում:

1. Գնդակահարություն

Գնդակահարության պարագայում մահապատիժն իրականացվում է հրացանից կրակոց արձակելու միջոցով: Սա ներկա պահին ամենատարածված ձևն է: Կրակողների թիվը, որպես կանոն, լինում է 4-12՝ կախված իրավիճակից: Հաճախ հրացաններում խառը կերպով տեղադրում են իսկական և կեղծ փամփուշտներ, որպեսզի կրակողներից ոչ ոք չիմանա, թե ի՞նքն էր սպանողը, թե՝ ոչ:  Գնդակահարությունը գործում է աշխարհի մոտ 18 երկրներում:

2. Կախաղան

Առաջին անգամ մահապատժի նպատակով կախաղան են օգտագործել հին կելտացիները, ովքեր այդպիսով զոհեր էին մատուցում իրենց աստծուն: Դրա մասին է հիշատակում նաև Սերվանտեսը 17-ր դարում: Այսօր այն կիրառության մեջ է դրվել 19 երկրներում:

3. Մահացու ներարկում

Այս պարագայում օրգանիզմ է ներարկվում մահացու թույն: Այն մշակվել է 1977թ. : Մարդուն ֆիքսում են հատուկ նստատեղին, և նրան է միացվում երկու խողովակ: Սկզբից ներարկվում է հատուկ նյութ, որը կիրառվում է վիրահատությունների դեպքում անզգայացման համար, որից հետո արդեն ներարկվում է հենց թույնը: Մահը վրա է հասնում 5-18 րոպեում: Ներարկումը կատարվում է հատուկ սարքի օգնությամբ, սակայն կան երկրներ, որտեղ գերադասելի է ձեռքով ներարկումը: Այսօր այն կիրառվում է 4 երկրում:

4. Էլեկտրական աթոռ

Այս մեթոդը կիրառվում է ԱՄՆ-ի 7 նահանգներում: Սա իրենից ներկայացնում է հատուկ աթոռ, որին միացված են էլեկտրական լարեր: Դատապարտյալի ոտքերն ու ձեռքերը ֆիքսվում են աթոռին, գլխին դրվում է հատուկ մետաղե սաղավարտ: Մահապատժի ժամանակ էլեկտրական հոսանքի հզորությունը հասնում է մինչև 2700 վոլտ:

5. Գլխատում

Գլխի ֆիզիկապես անջատումը մարմնից իրականացվում է հատուկ գործիքի օգնությամբ՝ գիլյոտինի կամ կտրող որևէ գործիքի՝ կացնի, թրի և այլն: Գլխուղեղի մահը վրա է հասնում մարմնից առանձնանալուց մի քանի րոպե անց: Այն, որ գլուխը մարմնից առանձնանալուց հետո սկսում է խոսել, թարթել աչքերը, ըստ նեյրոֆիզիոլոգների, խիստ չափազանցված է: Գլուխը կորցնում է գիտակցությունը կտրվելուց 300 միլիվայրկյան անց, և անդառնալիորեն կանգ է առնում վերին հատվածի նյարդային գործունեությունը, հետևաբար նաև՝ որևէ ցավ զգալու կարողությունը: Դեմքի որոշ մկաններ կարող են շարունակել ցնցվել մի քանի վայրկյան: Այսօր աշխարհում միայն 10 երկիր է թույլատրում մահապատժի այս ձևն օրենքով:

6. Քարկոծում

Սա հայտնի է դեռ ամենավաղ ժամանակներից: Այսօր այն կիրառվում է միայն մի քանի մահմեդական երկրներում: