ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրիի 48-ամյա բնակիչ Ա.Պետրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 05:00-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել Գյումրու բնակիչ, 48-ամյա Ա.Պետրոսյանը: Վերջինիս ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ապրիլի 16-ին հարուցվել է քրեական գործ։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել Գյումրու բնակիչ, 24-ամյա Ռ.Սարգսյանը: Վերջինս 2015 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, գտնվել է դիսպետչերանոցի մոտ, որտեղ բջջային հեռախոսով խոսել է իր կնոջ հետ: Այդ ընթացքում նրան է մոտեցել խմած Ա.Պետրոսյանը և ասել. «էլի՞ մարմնավաճառների հետ ես խոսում»։ Երիտասարդը բարկացել է և անջատել հեռախոսը։ Առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում երիտասարդը գլխով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ա.Պետրոսյանին։
Քննությամբ պարզվել է, որ ծեծկռտուքը դադարեցվել է դեպքի վայր եկած երիտասարդի հոր միջամտության արդյունքում։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ռ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։