Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մարտի 10-ից Ազատության հրապարակում գտնվում էր հացադուլի մեջ, այսօր դադարեցրել է հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում իրեն զորակցել են:
Ժառանգության առաջնորդը շնորհակալություն է հայտնել նաև ոստիկաններին՝ մասնավորապես նշելով. «Շնորհակալ եմ նաև ոստիկաններին, ովքեր, թեև եղան հակադրություններ, շատ բարեհամբույր էին, և ես շատ ուրախ եմ, որ քաղաքացի-ոստիկան հարաբերությունը կայացել է»: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցնելուց հետո ընտանիքի անդամների ուղեկցությամբ մեկնել է Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Զատկի տոնին նվիրված պատարագին,-գրում է ԳԱԼԱ-ն:
Հիշեցնենք, որ հացադուլը դադարեցնելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր մարտի 29-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ: Հավելենք նաև, որ Ժառանգության առաջնորդը վերսկսում է իր մարզային այցելությունները, իսկ հաջորդ հանրահավաքը Ազատության հրապարակում տեղի է ունենալու ապրիլի 5-ին: