Բարև Կապան, հաղթական Սյունիք, որ փետրվարի 18-ին որոշեց և հստակ ասաց ողջ աշխարհին, որ Սյունիքը որևէ մեկի սեփականությունը չէ, դա ժողովրդին է: Ելույթ ունենալով Կապանի հանրահավաքում հավաքվածներին այսպես դիմեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սա իմ քաղաքն է, և ես եմ Նժդեհը այստեղ»,-հայտարարեց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ Նժդեհի պատգամի ներքո Սյունիքը հաղթեց: Նրա խոսքով, եթե հիմա բացեն քվեատուփերը, ապա կտեսնեն 90/10-ի դիմաց` հօգուտ ժողովրդի հաղթանակի:
«Նրանք կեղծում են Նժդեհ ասելով»,-ասաց Հովհաննիսյանը, խոստանալով՝ նրանք պատասխան են տալու արդար դատարանի առաջ:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետին ժամադրելուն, Հովհաննիսյանն ասաց, եթե Սուրիկ Խաչատրյանը «անելիք» ունի, ապա «ես այստեղ եմ»:
Ոստիկաններից մեկը Կապանի հրապարակում հայտարարեց, որ հավաքի մասին քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաքն անօրինական է, հավաքի մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ոչ մի սպառնալիք, ոչ մի նահանաջ, սրանք երկունքի վերջին ցավերն են, վերջին հակազդեցությունները, սրանք ծառայելու են ձեզ»:
Այնուհետև ոստիկանների հայտարարությունները խլացան հավաքվածների բացականչությունների մեջ: Հովհաննիսյանը ոստիկաններին կոչ արեց զգոն լինել, հայտարարեց, որ իրենք գնում են ննջեցյալների հիշատակը հարգելու,-գրում է panorama.am:
«Սա միջադեպ չէ, այլ միջադեպի բացակայություն: Պարոն մարզպետը չեկավ ժամադրության, շատ շնորհակալ եմ, որ կենդանի թողեց, բայց դա աստծու շնորհն է: Նա չեկավ, բայց ուրիշ մարդկանց ուղարկեց»,-Ազատություն ռկ-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե մյուս քաղաքներում իրազեկումներ արվել են հավաքների մասին, Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այս մասին հայտարարել է ուրբաթ օրը Ազատության հրապարակում, ոստիկանապետին էլ կոչ է արել հսկել իր անվտանգությունը:
Կապանից նրանք ուղևորվեցին դեպի Գորիս: