Մայիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին նաև ՊԲ ներկայացուցիչները:
Վերջին շրջանում մեծածավալ աշխատանքներ են տարվում պաշտպանական գոտիներում և տեղամասերում ամրաշինական կառույցների կատարելագործման, խրամատների, խրամաբջիջների կահավորման, առաջնագծում նոր կացարանների ու գետնատնակների, ծածկված խրամաճեղքերի, արգելափակոցների ու դաշտային ճաշարանների կառուցման ուղղությամբ: Այս ամենի արդյունքում ամրապնդվել են մարտական հենակետերը, բարելավվել են առաջնագծում ծառայող զինվորների կենցաղային պայմանները:
Մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպումն ու մարտական խնդիրների ճշգրիտ կատարումը, այդ համատեքստում տեխնիկական նոր հնարավորությունների ներդրումը զինված ուժերի կարևորագույն խնդիրներից են:
Առաջնագծում իրականացվող ծառայության, ինժեներական արգելափակոցների ու ամրաշինական կառույցների ներկայիս վիճակի, դրանց կատարելագործման ուղիների քննարկմանն էլ նվիրված էր մայիսի 15-ին կայացած Կոլեգիայի նիստը:
Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ անդրադարձավ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին և կարևորեց պաշտպանական համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետության առավել բարձրացման անհրաժեշտությունը:
«Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ և դա առաջին հերթին արտահայտվում է հակառակորդի որդեգրած ռազմական հռետորաբանության, կողմերի միջև վստահության մթնոլորտի բացառման, սպառազինությունների մրցավազքի գործելաոճով, իսկ այդ ամենն անշուշտ խաթարում է բանակցային գործընթացը: Ուստի այս իրավիճակում զինված ուժերի ղեկավարությունը պարտավոր է զօրուգիշեր մտածել ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու, բանակի մարտունակության աստիճանն առավել բարձրացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման առանձնահատկությունների, հակառակորդի սադրիչ գործողությունների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի կանխարգելման, մարտական հերթապահության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների, ազդանշանային համակարգերի ներդրման հարցերի վերաբերյալ զեկուցեց ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Զորքերի կենսունակության աստիճանի, հակառակորդի առաջխաղացումը խոչընդոտող ինժեներական սարքավորումների, ամրաշինական կառույցների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, մարտական դիրքերի լրակահավորման, սահմամամերձ ճանապարհներն առավել անվտանգ դարձնելու խնդիրներին, արձանագրված ձեռքբերումներին ու բացթողումներին անդրադարձավ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև բանակային զորամիավորումների հրամանատարներն ու պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում հնչած զեկույցներն ու ելույթներն ուղեկցվում էին մարտական հերթապահության ու ինժեներական աշխատանքների կազմակերպման հարցերի շուրջ ծավալված քննարկումներով ու պարզաբանումներով, ինչը բանակաշինության ոլորտում առկա ընթացիկ վիճակը և դրա բարելավման հեռանկարն առավել պարզորոշ պատկերացնելու հնարավորություն էր տալիս:
Ամփոփելով Կոլեգիայի նիստը և ի մի բերելով հնչած զեկույցներում ու ելույթներում տեղ գտած փաստերն ու առաջարկները` Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց արձանագրված թերացումների և դրանց շտկման անհրաժեշտության վրա, տվեց համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: