Այսօր հայկական ԶԼՄ-ներից մեկում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել անգլիական «Լիվերպուլի» հետ: Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» գումար չի վճարի ուկրաինական ակումբին, այլ կզիջի Սթիվեն Ջերարդի և Մարտին Շկրտելի տրանսֆերային իրավունքները: Չնայած որ այդ լրատվամիջոցը նշեց, որ սա ընդամենը ապրիլմեկյան կատակ էր, այդուհանդերձ, ավելորդ թյուրիմացություններից խուսափելու համար մենք կապ հաստատեցինք Հենրիխ Մխիթարյանի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Հենրիխ Մխիթարյանը հայտնեց, որ տեղեկատվությունը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը, ինքը «Շախտյորի» հետ պայմանագիր ունի մինչև 2015 թվականը և չի պատրաստվում հեռանալ իր սիրելի ակումբից: