ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ թանգարանների աշխատակիցներին, թանգարանային գործի մասնագետներին եւ բոլոր արվեստասերներին Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի դեր ստանձնած թանգարաններն իրականացնում են մի առաքելություն, որը երբեւէ չի կորցնում իր կարեւորությունը: Արժեքներ պահպանելով` նրանք իրենք էլ արժեքավոր են որպես մշակույթի օջախներ, որոնք սերունդների համար հուսալիորեն ամբարում են ժամանակն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը, մտքի ու ձեռքի ուժը:
Պետությունների եւ ժողովուրդների կենսագրություններում թանգարանները նշանակալից դերակատարություն ունեն` շաղկապելով միմյանց անցյալն ու ներկան, կամրջելով ապագայի հետ: Նրանք ինքնատիպ տարեգիրներ են` ցուցանմուշների, գտածոների, արվեստի գործերի հավաքածուներով, որոնք լեզու են առնում թանգարանների աշխատակիցների եւ թանգարանային գործի մասնագետների նվիրված աշխատանքի միջոցով: Հենց վերջիններիս շնորհիվ է անմիջական ու ընկալելի դառնում արվեստասերի, թանգարանի այցելուի շփումը պատմության ու մշակույթի հետ, աշխատանք, որն անվերապահորեն արժանի է ամենաբարձր գնահատականի:
Շնորհավորելով մշակութային այս տոնի առթիվ` մաղթում եմ, որ թանգարաններում երբեք այցելուների պակաս չլինի, որ թանգարանները մշտապես համալրվեն նոր ցուցանմուշներով, իսկ մարդիկ, ովքեր նվիրված են թանգարանային գործին, իրենց շնորհակալ աշխատանքը շարունակեն ավելի խաղաղ, ավելի բարեկեցիկ եւ ավելի արժանապատիվ պայմաններում»: