«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետևանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպված հետաձգել է:
Նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն, իհարկե, ոչինչ չի արել՝ հավանաբար մխիթարվելով իրողությամբ, որ մարզերում առանց զգուշացման հոսանքազրկումները բավական տարածված երևույթ են: Բայց երբ իրավիճակը դիտարկում ենք ՀԷՑ-ի ախորժակի ֆոնին, տխուր պատկեր է ստացվում:
Պատկերացնո՞ւմ եք՝ ՀԵՑ-ը տարեկան միլիոնավոր և միլիարդավոր դրամներ է վատնում թանկարժեք ավտոմեքենաների, ինչ-որ տներ վարձակալելու վրա, իսկ բաշխիչ ցանցի համակարգի բարելավման և անխափան աշխատանքն ապահովելու համար գումար չունի:
Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը պարտավոր է հետևել իր կողմից լիցենզավորված ընկերության գործունեությանը, դարձել է միայն սակագին բարձրացնող կառույց: Իսկ ՀԷՑ-ը շարունակում է լկտիանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: