Հայ ժողովուրդը իր վրա է զգացել, թե ինչ կարող է բերել այլատյացությունը, երբ դրա հետևանքով իր վրա զգաց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Ազգային Ժողովում այսօր մեկնարկած ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին ` իր ողջույնի խոսքն ասաց ԱԺ նախագահը:
«Ցավոք, 21-րդ դարում այդ երևույթը օրակարգային է: Այն ծնում է ռասիզմ, բռնություն, որն էլ ի վերջո վեր է ածվում հակամարտությունների»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով` այսօր էլ Հայաստանն այլատյացության ու ռասիզմի հետևանքները զգում է հարևան Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այն սերմանում է բացասական վերաբերմունք Հայաստանի հանդեպ: «Մենք բոլորս պետք է մեր ուժերը համախմբենք հանուն ապագայի: Ամբողջ աշխարհը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը:
«Մեր համատեղ ջանքերի արդյունք տեսանելի է: Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի սոցիալական զարգացման, պետական կառույցների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարելավման ոլորտներում: Հայաստանը ազատ խոսքի և ազատ մամուլի երկիր է, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել»,- ասաց Գալուստ Սահակյանը: