«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից իրաքյան ալ Անբար նահանգի վարչական կենտրոնը հանդիսացող ալ Ռամադի քաղաքը նվաճելուց հետո նոր մարդասիրական ճգնաժամ է հասունանում այդ երկրում. ավելի քան 8 հազար բնակիչ է լքել քաղաքն, իսկ դեռևս ս.թ. ապրիլին, երբ ԻՊ-ը նոր էր սկսել քաղաքի դեմ գրոհը, այն լքել էին շուրջ 114 հազար բնակիչ: Ըստ որոշ տեղեկությունների՝ իսլամականներն ալ Ռամադիում մահապատժի են ենթարկել 500 մարդու՝ ինչպես պատանդ վերցված զինծառայողների, այնպես էլ՝ խաղաղ բնակիչների: ԻՊ զինյալները գրավել են նաև քաղաքի մատույցներում գտնվող ռազմավարական կարևորության ռազմաբազան:
Պետք է նշել, որ ալ Ռամադիի զավթումը դարձավ իսլամականների կարևորագույն ռազմական հաջողությունն Իրաքում վերջին 10 ամիսների ընթացքում՝ այն բանից հետո, երբ ԻՊ-ն իր վերահսկողությունը հաստատեց Թիքրիթ և Մոսուլ քաղաքների վրա:
Իրաքյան բանակի աղբյուրները նշում են, որ ալ-Ռամադիից հետո «ջիհադականները» պատրաստվում են շարժվել դեպի հարավ՝ թիրախ դարձնելով շիայական կարևորագույն սրբավայր հանդիսացող Քերբելա քաղաքը, որտեղ գտնվում է Մուհամմադ մարգարեի թոռ Հուսեյն իբն Ալիի դամբարանը, ով 680 թ. տեղի ունեցած Քերբելայի ճակատամարտի ժամանակ սպանվել է Յազիդ իբն Մուավիա խալիֆի զորքերի կողմից: Ամեն տարի, ի հիշատակ Հուսեյն իբն Ալիի, միլիոնավոր ուխտագնացներ են այցելում Քերբելա քաղաք. այդ օրը հայտնի է Աշուրա անունով, որը նշվում է Իրանում, Ադրբեջանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Լիբանանում, Պակիստանում, Բահրեյնում, ինչպես նաև այն երկրներում, որտեղ կան շիայական համայնքներ:
Վերոնշյալի համատեքստում, հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին, ով հրահանգել է զինծառայողներին՝ անհրաժեշտության դեպքում մինչև վերջ պաշտպանել սրբավայրը: Ալ Աբադիի հայտարարությունը կարևոր է հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես իրաքյան զինուժը հեռացավ ալ Ռամադիից. իրաքյան բանակի հանրահայտ հատուկ ստորաբաժանումները՝ «Ոսկե դիվիզիան», բառի բուն իմաստով հանձնել է քաղաքն իսլամականներին:
Բացի նշվածից, Իրաքի վարչապետն առաջին անգամ ճգնաժամի ողջ ընթացքում օգնության համար դիմել է նաև շիայական ցեղերին՝ կոչ անելով նրանց կանգնել սրբավայրերի պաշտպանության համար:
Այս առումով, իրաքյան գործընթացներում կարող է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել Իրանը, քանի որ Իսլամական հանրապետության իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ պատասխանատվություն են ստանձնում շիայական սրբավայրերի պաշտպանության համար:
Կցված տեսանյութերից առաջինում ներկայացվում է իրաքյան բանակային ստորաբաժանումների նահանջն ալ Ռամադիից, իսկ երկրորդում տեսագրված է, թե ինչպես են Մոսուլի բնակիչները ողջունում ալ Ռամադիի նվաճման լուրը:
Արմեն Պետրոսյան