Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի հաստատման մասին: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի գնահատականները, ընդհանուր առմամբ, համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին:

Նա նշեց, որ առաջին եռամսյակի գնաճը համընկել է կանխատեսված ցուցանիշներին: Եզրակացության մեջ՝ «Արտաքին միջավայր» բաժնի «ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճեր» ենթաբաժնում, ներկայացված է, որ Ռուսաստանում 2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության արդյունքում 2015 թվականին ակնկալվում է տնտեսական անկում, ինչը կկազմի շուրջ 2.0%:

Այս հանգամանքը ուշադրության արժանացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից, ով Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե ինչու են գրել, որ 2 տոկոս անկում է սպասվում: Փոխնախարարը չկարողացավ հարցին պատասխանել, և վարչապետը նշեց, որ տեղեկանքը կտա, որպեսզի նա ուսումնասիրի, ապա նկատեց. «Ձեր ակնկալիքները չեն իրականանալու, եթե ակնկալում եք, որ տնտեսական անկում պետք է լինի: Նման բան է գրված, ես չգիտեմ, միգուցե տեղեկանքն է սխալ»:

Վարչապետն ասաց, որ տնտեսական ակտիվություն կա: «Հիմա ես համոզված եմ, որ 2-3 % տնտեսական աճ ունենք չորս ամսով և դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի: Որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ուզում են, որ կառավարությունը ձախողվի,տնտեսական անկում լինի, ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց, որ այս ամիսների ընթացքում իրականացվող ծրագրերն ու հաշվարկները դրա մասին են վկայում:

«Մենք կանխատեսել ենք միջնաժամկետով 2015 թվականի համար 1 տոկոս տնտեսական աճ, բայց վստահ եմ, որ ավելին է լինելու՝ 2-3 տոկոս է լինելու: Եթե այն ծրագրերը, որ պլանավորել ենք այս տարի իրականացնելու, ես համոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4.1% տնտեսական աճը փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ թվերն ապահովենք: Հասկանալի է, որ կան տարածաշրջանային պրոբլեմներ, բայց դա հիմք չէ, որ մենք չփորձենք ամեն ինչ անել, որ տնտեսական աճ արձանագրենք մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»,- ասաց նա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ եզրակացության մեջ նշված է նաև, որ 2015 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված կանխատեսումները գտնվում են -3%-ից -5.5% միջակայքում. «Նման պարագայում, չնայած առկա են տնտեսական աճի բարձր լինելու ռիսկեր՝ հատկապես գյուղատնտեսության զարգացումների հետ կապված, այնուամենայնիվ, գտնում ենք, որ արտաքին աշխարհի կողմից տնտեսական աճի նվազման ռիսկերը գերակշռում են»:

Վարչապետը հարցրեց, թե ինչ գործ ունեն ՌԴ-ի հետ, փոխվարչապետն էլ արձագանքեց, որ դա ազդում է մեր տնտեսության վրա: Վարչապետն էլ նշեց, որ ամեն դեպքում պետք է ամեն ինչ անել ցանկալի արդյունքի հասնելու համար: