Այսօր ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Շառլ Ազնավուրը ծնվել է Ֆրանսիայում հայ ներգաղթյալների ընտանիքում: Նրա իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Դեռ փոքր հասակից ծնողների որոշմամբ հաճախել է արտիստական դպրոց և սկսել է երգել, հանդես գալ բեմում, իսկ 12 տարեկան հասակում առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում: Երիտասարդ հասակում Ազնավուրը սկսեց հանդես գալ կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ, և նրանք միասին ծանոթացան Էդիտ Պիաֆի հետ, ով էլ հրավիրեց վերջիններիս իր հետ համերգային շրջագայության Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Համաշխարհային հռչակ Ազնավուրը սկսեց վայելել 1950-ականներից, երբ օրական երեք համերգ էր տալիս Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:
Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ և կատարող է, սակայն հայտնի են դրանցից որոշները՝ «Հավերժական սեր», «Բոհեմ», «Ավե Մարիա», «Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել» և այլն: Նա դուտեով հանդես է եկել Լայզա Միննելիի, Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Պատրիսիա Կասի, Լուչանո Պավարոտիի և Պլասիդո Դոմինգոյի հետ: Ազնավուրի երգերն իրենց երգացանկում են ընդգրկել այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Ֆրեդ Ասթերը, Լայզա Միննելին և այլն:
1998թ. «Time» ամսագրի և CNN հեռուստաընկերության հետ համատեղ համաշխարհային մասշտաբով անցկացված հարցման արդյունքներով Ազնավուրը ճանաչվեց 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը:
Բացի երաժշտական կարիերայից, Ազնավուրը նկարահանվել է նաև մի քանի տասնյակ ֆիլմերում, որնցից առավել հայտնի են «Կրակեք դաշնակահարի վրա», «Հայր Գորիո», «Գլուխը պատին», «Սատանայի 10 պատվիրանները», «Արարատ» և այլն: