Այսօր՝ մայիսի 22-ին, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան 76-ամյակն է: 

Կոմանդոսը 1988թ. միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1991թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան)։ 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։

YerevanNews.am-ը շնորհավորում է մեծն զինվորականի և հայրենիքի արժանի զավակ Արկադի Տեր-Թադևոսյանին՝ ցանկանալով քաջ առողջություն և երկար տարիների կյանք: