«Ես չեմ հրաժարվում հարցազրույց տալ, ես ուղղակի չեմ տալիս ինտերվյու, քուր ջան».- այսպիսին էր Ալավերդու քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանի պատասխանը, երբ մեր լրագրողը կապ հաստատեց նրա հետ և փորձեց մոտալուտ ընտրությունների հետ կապված զրուցել քաղաքապետի թեկնածուի հետ: 

     «Ես բուկլետ եմ գրել, ռոլիկ եմ հանել, ինչի էտ ինտերվյու չի՞:Եթե կուզեք ամսի 8-ին եկեք, ինչքան ուզում եք ինտերվյու կտամ: Ես մենակ տեղի լրատվական միջոցներին եմ ինտերվյու տալիս, իմաստ չունի այլ լրատվամիջոցների ինտերվյու տալս, որովհետև ալավերդցին ինչի՞ պիտի Երևանի թերթ կարդա, իսկ Երևանցու կամ Գյումրեցու համար ինչի՞ պիտի ինտերվյու տամ»,- նշեց Կարեն Փարեմուզյանը:


     Հուսով ենք, մեր երկար բացատրությունից հետո, քաղաքապետի թեկնածուն գոնե այսուհետ կտարբերակի, որ բացի տպագրվող թերթերից վաղուց գոյություն ունեն նաև էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնցից օգտվելու համար բնավ պարտադիր չէ, որ ալավերդցին հասնի Երևան:
     Բայց ամենից տարօրինակը թեկնածուի կտրականապես ու խուճապահար հրաժարվելն է հարցերին պատասխանելուց: Հարցեր, որոնց պատասխանելով, գուցե ավելի թեթևացներ այն մեղադրանքների ու բացասական ասեկոսեների շղթան՝ սկանդալներից մինչև չարաշահումներ, որ գոյություն ունեն քաղաքապետի թեկնածուի շուրջ: