ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցները կեղծ են, այսինքն` պատվիրողը հենց մարզպետն է, ասաց. «Եթե ես այդ հարցին պատասխանեմ, միամիտ մարդու տպավորություն չեմ թողնի՞ ձեզ վրա։ Լուրջ իրավաբանը՝ նախարարի պաշտոն զբաղեցնող, կարո՞ղ է նման հարցի պատասխանել սիրողական մակարդակով»։

Իսկ հարցին, թե ամեն դեպքում հանցագործության ձևացում տեսնո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Գիտեք, նման հարցի չեմ կարող պատասխանել, որովհետև դիլետանտական կստացվի, լրատվության միջոցների հիման վրա ստացած տեղեկատվության հիման վրա ինչ-որ բան չեմ կարող ասել»։

Հովհաննես Մանուկյանն ասաց, թե հույս ունի, որ գործի քննությունը կգա իր տրամաբանական ավարտին՝ և՛ օրենքի տեսակետից, և՛ ճշմարտության։