«Հրապարակ» թերթը գրում է.
«2014 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը երեկ Ազգային ժողովում այնքան տխուր էր ու գաղջ, որքան Հայաստանի մթնոլորտն ու տնտեսությունը, ՀՀ շարքային քաղաքացիների կենսակերպը: Մի կողմից, դահլիճում տիրող անմարդկային ու բուրումնավետ տոթը՝ գարնանային գունեղ հոտերով, մյուս կողմից, կառավարության կաբինետի լապշաները՝ դահլիճի զրո դիմակայության և կիսաքուն մթնոլորտում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից առաջին անգամ բյուջեի կատարողականը, կարելի է ասել, անցավ «մենք մերոնցով» մթնոլորտում: Որքան էլ զարմանալի է, բյուջեի կատարողականի քննարկումը չէր հետաքրքրել ոչ միայն խորհրդարանական ոչ իշխանական ուժերին, այլև մեծամասնությանը: Հանրապետականից մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ էին «պատվել» քննարկումը, իսկ ոչ իշխանականներից միայն ԲՀԿ-ականներն էին, որոնք իրենց հարցերով խզում էին գործադիրի ներկայացուցիչների թմբիրը:
Մինչդեռ հակառակն էր սպասվում․ նախորդ՝ 2013 թվականի բյուջեի կատարողականը թեև ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի կաբինետը, բայց այն տնօրինել ու ծախսել էր հաշվետվության նախօրյակին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ինչն էլ ոչ իշխանական քառյակին խուսանավելու տեղ թողեց համատեղ ջանքերի արդյունքում վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանի կաբինետի փոխարեն կրկին «ցցին հանել» Տիգրան Սարգսյանին: Հիմա այլևս հնարավոր չէր մեղադրել Տիգրան Սարգսյանի կաբինետը, և պետք է լրջորեն վերլուծվեր Աբրահամյանի կառավարության մեկամյա աշխատանքը, սակայն ոչ իշխանականները բոյկոտել էին կատարողականի քննարկումը:
ՀԱԿ-ից և «Ժառանգությունից» անգամ մեկ նմուշ պատգամավոր չկար, և նույնիսկ տնտեսության գիտակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր բացակայում, ով, որպես կանոն, նախորդ տարիներին ջրի երես էր հանում, իր ասած, «ղժժալու» թվանկարչությունը և մերկացնում Տիգրան Սարգսյանին»:
Ավելի մանարամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: