Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ այն հարցին, թե Բուդաղյանների գործի շրջանակներում այն տեղեկությունը, որ 2013թ-ի հունիսի 1-ի դեպքի օրը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին թմրանյութի ազդեցության տակ չի եղել:

«Քննարկումներում որոշ մարդիկ փորձում են խեղաթյուրել փաստերը, թե իբր Տիգրան Խաչատրյանի արյան և մազի նմուշների մեջ թմրանյութեր չեն եղել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արյան և մազի նմուշների մեջ թմրանյութեր հայտնաբերվել են և բոլոր այն մարդիկ, ովքեր ժխտում են, կա՛մ տեղյակ չեն, կա՛մ ստում են»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, թե նախաքննության ընթացում Տիգրան Խաչատրյանը պարզաբանել էր, թե տանը հաճախ կանեփի սերմեր են օգտագործում, այսինքն՝ ուտում են:

«Դրա հիման վրա քննիչը համապատասխան պրոֆիլի մասնագետից ցուցմունք էր վերցրել, ով պնդել էր, որ այդ եղանակով չէին կարող հետքերը հայտնվել արյան ու մազի մեջ»,-ասաց փաստաբանը: