Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն այսօր բոլոր քաղաքացիների ուշադրության կենտրոնում է: Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիայի թանկացումն իր հետ բերելու է նաև այլ ապրանքների թանկացման և սոցիալական պայմանների վատթարացման:
Հոսանքի սակագնի թանկացման անթուլյատրելիության մասին խոսում են բոլորը, սակայն կան բացառություններ և այդ բացառությունը հասարակ քաղաքացին չէ, այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ոչ ավել ոչ պակաս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Վանաձորի քաղաքապետը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին, մասնավորապես ասել է. «Եթե խնդրի լուծման ճանապարհը դա է, ուրեմն պետք է այդ ճանապարհով գնալ»,- հավելելով, որ վանաձորցիները շատ լավ մարդիկ են և հարցին ըմբռնումով կմոտենան:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Վանաձորի քաղաքապետը հակասական և անիմաստ հայտարարություններ է անում, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ քաղաքապետի լեզուն իր մտքից առաջ է անցնում, կամ ընդհանրապես չի կարողանում արտահայտվել:
Հաշվի առնելով այս հանգամանքը կարելի է փաստել, որ Սամվել Դարբինյանը «ընկել է ինքն իր հետևից», քանի որ նա ոչ միայն չի պատկերացնում, թե ինչու է Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը գնում սակագնի բարձրացման, այլև փորձում է ի ցույց դնել իր գրագիտության պակասը:
Կասկած չկա, որ իր մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում անհրաժեշտ է, որ քաղաքապետը լինի խոսքի ու գործի մարդ:
Կարծում ենք այս պաշտոնը Սամվել Դարբինյանի տեղը չէ, քանի որ «Քաջ Նազարի» բախտը ամեն անգամ չէ, որ բերում է:
Արման Ալավերդյան