«Բազմիցս հայտարարել եմ, որ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման պատրաստ եմ համագործակցել ցանկացած անձի կամ կազմակերպության հետ, ովքեր ցանկանում են և կարող են իրենց նպաստը բերել այդ գործին: Սակայն, այս պարագայում ի՞նչ համարձակությամբ է նա համագործակցության դիմում հղում ինձ, երբ միևնույն ժամանակ փորձում է քննադատել մարդու, ով արել և անում է ամեն ինչ հայկական ֆուտբոլի զարգացման համար և ում համար հայկական ֆուտբոլի հաջողությունը վեր է ցանկացած անձնական խնդիրներից: Կամ առնվազն կույր պետք է լինել սա չնկատելու համար, կամ ֆուտբոլային իրականությունից անտեղյակ՝ այդ չիմանալու համար, կամ էլ՝ ... դատեք ինքներդ ...: Ինչպե՞ս կարող է մարդ, ով իր միջոցները հայթայթում է ֆուտբոլում, հաճախ նաև ֆուտբոլիստների հաշվին՝ քննադատել մարդկանց ովքեր իրենց անձնական միջոցներն են ներդնում նույն ֆուտբոլի զարգացման համար և ոչինչ չեն խնայում հենց նույն ֆուտբոլիստների անձնական բարօրության համար: Խոսքս հայտնի գործարարներ Օլեգ Մկրտչյանի և Սուլեյման Կերիմովի մասին է, որոնցից առաջինը անուրանալի ներդրում ունի ուկրաինական, ռուսական և հայկական ֆուտբոլի զարգացման գործում, իսկ Սուլեյման Կերիմովը ջանք չի խնայում դաղստանյան ֆուտբոլը զարգացնելու համար՝ դրանով իսկ նպաստելով ռուսական ֆուտբոլի որակական նոր մակարդակի բարձրացմանը : Եվ վերջապես, ինչպե՞ս կարող է մարդ, ով մեկ հայտարարում է թե Հենրիխ Մխիթարյանի գործակալն է՝ երբեք չլինելով նման դերում, մեկ էլ հայտարարում է թե ինքն է տեղափոխել Արազ Օզբիլիսին Կուբան՝ երբ անձամբ եմ խնդրել Օլեգ Մկրտչյանին գնել Արազի տրանսֆերը և անձամբ խոսել Արազի հետ և հորդորել, որ նա տեղափոխվի Կուբան, համագործակցության կոչ հղել ինձ:
Չի՛ կարող ուղղակի նման վարք դրսևորող անձն անգամ շփվել իմ հետ, ուր մնաց՝ համագործակցել:
Այդ իսկ պատճառով կխնդրեի Սելյուկին հեռու մնալ հայկական ֆուտբոլից և իր իսկ կոչած "պատերազմներից" զերծ պահել հայ ֆուտբոլիստներին, նրանք շատ ավելի կարևոր գործ ունեն՝ ֆուտբոլը»: