Քիչ առաջ Սևան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելով բնակիչների հետ, նշեց, որ Սևանի քաղաքապետը ոստիկանապետի հետ միասին խանգարել են, որպեսզի բնակիչները չմասնակցեն իր հետ հանդիպմանը:
«Ոստիկաններ դուրս եկեք խանութներից եւ մի թաքնվեք: Քաղաքապետ Սեւանի, ոստիկանապետ, անվտանգության ծառայության ներկայացուցիչ բացեք ճանապարհներն ու բերեք ժողովրդին հրապարակ»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս սևանցիներին հորդորեց գործի անցնել և ցույց տալ, թե ով է իրականում սևանցին:
«Ով մտավ խանութ ու սպառնաց, տողատակով եւ նամյոկով՝ ժողովրդի դատարանի առաջ պատասխան է տալու: Փորձել են ձեզ կաշառել, վախեցնել, ձեր եղբայր-ոստիկանններին ձեր դեմը կանգնեցրել՝ չի հաջողվել»,-իր խոսքում նշեց Ր. Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշեց, որ նախորդ անգամ երբ Սևան քաղաքում է եղել, բարևել է քաղաքապետին, և այդ պահին մի կին մոտիկացել է և քաղաքապետին անվանել ընտրակեղծարար: Սակայն պարզվում է, որ հիմա քաղաքապետը դատի է տվել սևանցի կնոջը` իրեն վիրավորելու համար:
«Կյանք տեսած, հարուստ, միլիոնատեր մարդը ուզում է դատի տալ կնոջը: Ասելիք ունի, թող ինձ ասի: Իրական ողնաշարով, աֆտարիտետով քաղաքապետը գնում է դատարան գործ է հարուցում մի կնոջ նկատմամբ, ով ճշմարտությունն է ասել: Սա՞ է Սևանը»,-նշեց Ր. Հովհաննիսյանը: