Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) ակտիվանում է:
Օրերս մեդիա դաշտը ուսումնասիրելիս հանդիպեցինք գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի աչք ծակող կերպարին: Տևական ժամանակ քաղաքական աժոտաժից հեռու գտնվող Գռզոյի դրսևորած աշխուժությունը առնվազն հետաքրքրական է: Ի՞նչ նպատակ է հետապնդում Խաչատուր Սուքիասյանը...
Խաչատուր Սուքիասյանը կարելի է ասել «անհետացել էր» քաղաքական հալածանքների և հետապնդումների արդյունքում: Նա և նրա ընտանիքը կրեցին բավական կորուստներ, սակայն այժմ գործերն այնքան էլ վատ չեն...նրա եղբորը՝ Սարիբեկ Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմ» բանկը Հայաստանում առաջատարներից է, ծաղկում է նաև «Սիլ ինշուրանսը»: Այս երկուսից հետ չի մնում «inlobby» ընկերությունը, որի նախագահը հենց ինքը՝ Սուքիասյանն է:
Միգո՞ւցե Խաչատուր Սուքիասյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի...
Նշենք, որ 2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ Սուքիասյանը ներգրավվեց որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով: Իսկ արդեն 2009թ.-ին հրաժարական տվեց և վայր դրեց ԱԺ պատգամավորական մանդատը։
Այժմ, հետևելիս նրա մասնակցությամբ ասուլիսին կարելի է ենթադրել, որ պարոն Սուքիասյանը կամ միջազգային բիզնես փորձագետ է կամ միգուցե գյուղտնտեսության նախարար: Նա պատասխանում է ԵՏՄ-ի, լոլիկի առատ բերքի, բիզնեսմենի քաղաքական կողմնորոշման մասին «նեղ մասնագիտական» հարցերի:
Ամեն դեպքում, նախկին պատգամավորը սկսել է զբաղվել սեփական PR-ով, ինչը, համաձայնվեք, հենց այնպես չի արվում...սեփական անձի հանդեպ հետաքրքրություն, վստահություն ձեռք բերելու, «իրեն գովազդելու» համար պարոն Սուքիասյանը սկսել է գումարներ ծախսել, ինչը շատ բաների մասին է վկայում...