Մեր իրականության մեջ բազմաթիվ են դարձել այն դեպքերը, երբ մարդիկ բնակարաններ են գնել, բայց վերջում պարզվել է, որ կառուցապատողը դրանք վաճառել է միաժամանակ մի քանի հոգու, իսկ բնակարաններ գնողները մնացել են ձեռնունայն: Քիչ չեն նաև այն դեպքերը, որ այլ պատճառներով են տուժել բնակարաններ գնած անձինք՝ մնալով օդից կախված:

Ասվածի վառ օրինակ են հանդիսանում «Տոնուս» ընկերությունից և դրա նման այլ կառուցապատողների գործողություններից տուժած բոլոր այն բնակիչները, որոնցից շատերի խնդիրը մինչև հիմա լուծում չի ստացել և դարձել է բողոքի ակցիաների առիթ:
Միաժամանակ լուրջ խնդիր է, որ համապատասխան օրենսդրությունը թույլ է տվել կառուցապատողներին նման քայլի գնալ, այլ կերպ ասած՝ կառուցապատողները բնակարան գնած քաղաքացիներին թողել են առանց բնակարանի՝ իրենց գործունեությունը կազմակերպելով գործող օրենսդրության շրջանակներում:

Այս հանգամանքով պայմանավորված նախաձեռնվել է նոր օրենսդրական փաթեթի ստեղծում, որը լրացնում է համապատասխան ոլորտում առկա ներկայիս օրենսդրական բացերը:

Ներկայացված օրենսդրական փաթեթով ներդրվում է նոր իրավունքի հասկացություն՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք»: Այս իրավունքի սահմանումը հնարավորություն է տալիս իրականացնել այն նպատակը, ինչին քաղաքացիական իրավունքի սուբյեկտները հասնում էին նախնական պայմանագրեր կնքելով:
Միաժամանակ չարաշահումներից խուսափելու համար նախագծով ներդրվում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը: Իրավունքի վերաբերյալ նախնական նշումը հատկապես կնպաստի նույն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ենթադրող գործարքներ կնքելը կանխելուն, երբ նույն գույքը տարբեր գործարքների միջոցով միաժամանակ օտարվում է մեկից ավելի անձանց:

Այս ինստիտուտի ներդրմամբ կապահովվի նոր կառուցվող շենքերի և շինությունների նկատմամբ կնքվող գործարքներից ծագող իրավունքների գրանցման հստակությունը: Նախագծով ներդրվել է վերահսկողության մեխանիզմներ բանկի, գանձապետարանի, նոտարների միջոցով: Մասնավորապես վճարումները իրականացվելու են այս մարմինների միջոցով՝ հիմնվելով այն ելակետից, որ կառուցապատողներն իրավունք կունենան ստանալ դրամական միջոցներ միայն շինարարական աշխատանքների որոշակի ծավալ ապահովելու դեպքում:

Նախագծի ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն պրակտիկայում կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին: Միաժամանակ այն կապահովվի կառուցապատողների կողմից իրենց պարտավորությունների պատշաճ կատարումը: Նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանվածությունը և կանխարգելել հնարավոր չարաշահումներից:

Արման Ալավերդյան - ֆեյսբուք