«Ես ոչ մի արդարացի պատճառ չեմ գտնում՝ մեր ժողովրդի կյանքն ավելի բարդացնելու համար։ Ես միշտ մեր ժողովրդին համարել եմ շռայլ ժողովուրդ և միշտ կարծել եմ, որ նրանք պատրաստ են ավելին վճարելու ինչ-որ բանի համար, եթե համարում են, որ դա արժանի է, բայց այս դեպքում ես կարծում եմ, որ մի բան այն չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը։

Նա չբացառեց իր մասնակցությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպվող հանրահավաքներին, այնպես, ինչպես տրանսպորտի սակագնի թանկացման դեմ կազմակերպվող ակցիաների ժամանակ էր։

«Ինքս երբ որ կողմնորոշվեմ, թե այս խնդրի հետ կապված իմ մոտեցման որ ձևը կարող է օգուտ բերել այս հարցին, ապա անպայման կանեմ դա»,- նշեց նա։