Մայիսի վերջին բրազիլացի երկու սենատորներ առաջարկ ներկայացրին՝ Հայոց ցեղասպանության հետ կապված: Հայաստանի արտգործնախարարությունը շտապեց տեղեկացնել, որ Բրազիլիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը, այնինչ նման բան, բնականաբար, չկար՝ ընդամենը երկու հոգու առաջարկ էր:
Երեկ՝ մեկ շաբաթ անց վերջապես այդ առաջարկին միացան մոտ 50 սենատորներ, այսինքն` Սենատի մեծամասնությունը եւ առաջարկը իրոք համարվեց ընդունված: Մայիսից հետո մինչեւ այսօր Հայաստանի արտգործնախարարությունը սսկվել ու ձայն չէր հանում, երեւի հասկանալով, որ շտապել է եւ սխալ տեղեկություն է տարածել...
Հիմա արտգործնախարարը հպարտորեն հայտարարում է՝ ամեն ինչ ճիշտ է՝ Բրազիլիան ընդունել է, մենք էլ շնորհակալություն ենք հայտնել... Իհարկե, ՀԻՄԱ արդեն ընդունել է, ՀԻՄԱ արդեն արտգործնախարարի ասածը լիովին համապատասխանում է իրականությանը... Ու հիշեցի, թե ինչպես ուղիղ 20 տարի առաջ՝ 1995 թվականին մեր խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդները գնահատեցին այսպես՝ «Ազատ, բայց ոչ արդար»...
Մի քանի ամիս հետո ՄԱԿ-ում հանդես եկավ այն ժամանակվա արտգործնախարար Վահան Փափազյանը եւ առանց այլեւայլության հայտարարեց՝ «Միջազգային դիտորդները մեր ընտրությունները գնահատել են որպես ազատ...»... էն մյուս կեսը, որ «ոչ արդար» են գնահատել, պարզապես բաց թողեց... Բայց հո չես կարող ասել՝ խաբել է... Սուտ բան չի ասել, պարզապես ճշմարտության կեսն է թաքցրել... Ու այսօր, երբ լսեցի գործող արտգործախարարի կիսաճշմարտությունը՝ Բրազիլիայի հետ կապված, մտածեցի...
Տարիներն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում՝ էս մարդիկ առաջվա պես փորձում են ամենապրիմիտիվ, պարզունակ ձեւով ֆռռացնել հասարակությանը, համոզված լինելով, որ դիվանագիտական հմտություն են ցուցաբերում... Ու իրենց թվում է, թե կարողացան շատ լավ խաբել մեզ ու պատվով դուրս գալ դժվար կացությունից... Ախր մենք էլ, կներեք, այնքան էլ հիմար չենք...
Արմեն Դուլյան