Այսօր՝ հունիսի 7-ին, հանրապետության թվով 32 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանցից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 12-ում՝ ավագանու անդամի, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Քաղաքապետի ընտրություններ են ընթանում նաև Լոռի մարզի Ալավերդի քաղաքում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու անկուսակցական թեկնածուներ` Արթուր Աբգարյանն ու Կարեն Փարեմուզյանը։ Վերջինիս առաջադրել և սատարում է Լոռու գործող մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ընտրապայքարը թեժ մթնոլորտում է ընթանում, իսկ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Այժմ անդրադառնանք Լոռու մարզպետի անձի շուրջ ընթացող որոշ խոսակցությունների, համաձայն որոնց, նրան սպասվում է մոտալուտ պաշտոնանկությունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «տանել չի կարողանում» Նալբանդյանին և մտադրություն ունի օր առաջ ազատվել նրանից: Այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը վարչապետին հորդորել է սպասել և ՏԻՄ ընտրություններից և ՀՅԴ հետ կոալիցիայի ձևավորումից հետո, վարչապետը կկարողանա անել այն ինչ ճիշտ է համարում:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, թե Արթուր Նալբանդյանի առաջադրած թեկնածու Կարեն Փարեմուզյանի նախընտրական շտաբում խուճապ է սկսվել: Կան նաև խոսակցություններ, որ վերջին օրերին ինչ-որ անձինք յուրաքանչյուր ձայնի համար մինչև 20 հազար դրամ գումար են վճարելու