Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հունիսի 7-ին, հանրապետության թվով 32 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանցից 18-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 12-ում՝ ավագանու անդամի, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ 

Համայնքի ղեկավարի ընտրություններում հիմնական թեկնածուներն են  ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Փարեմուզյանը և անկուսակցական Արթուր Աբգարյանը:

YerevanNews.am-ի լրագրողը հայտնում է Ալավերդիից, որ որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումների մի քանի դեպքեր: Մասնավոորապես մի դեպքում ոչ միայն քվեարկողներից մեկը ստորագրել էր մեկ ուրիշ ընտրողի փոխարեն, այլև սխալ էին անցկացվել վերջինիս անձնագրային տվյալները:

Մեկ այլ պարագայում ընտրողը զրկվել էր իր քաղաքացիական պարտքը կատարելու իրավունքից մի շատ պարզ պատճառով՝ նրա փոխարեն քվեարկել էր մեկ այլ անձ: Պետք է նշել ևս մեկ կարևոր բացթողման մասին: Ընտրողներից մեկի անձնագրում բացակայում էր կնիքը, ինչի առկայությունը պետք է հաստատի այն, որ տվյալ անձն արդեն մասնակցել է քվեարկության: Եղել են դեպքեր, երբ քվեարկողն իր քվեաթերթիկը նետել է քվեատուփն առանց համապատասխան կնիքի: Նմանատիպ խախտումներ քանիցս արձանագրվել են:

Ինչևիցե, ընտրությունները շարունակվում են, իսկ մեր լրագրողներն ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը և արձանագրում գրանցվող դեպքերը: