Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատ կուսակցությունը՝ «ԱԶԿ»-ն օրերս կայացած ընտրություններում «հաղթանակ» տարավ, բայց 13 տարվա մեջ առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը: Կուսակցությունը մտադրություն ունի ձևավորել կոալիցիոն կառավարություն:
Նշենք նաև, որ այս տարի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների մեզ համար ամենակարևոր փաստն այն է, որ խորհրդարանի անդամ են ընտրվել նաև 3 հայ: Սա աննախադեպ իրողություն է. Մարգար Եսայանը (AKP), Սելինա Տողան (CHP) և Կարո Փայլանը (HDP) ընտրվել են խորհրդարանի անդամ։ Սա մեծ և ծանր պատասխանատվություն է երեքի համար էլ։
Ինչպես տեղեկանում ենք թուրքական «Հուրրիյեթ»-ից, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կոչ է արել կառավարություն ձևավորել։ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը: