“Ազատ խոսքի մշակույթ”-ը մեդիաիրադարձություն է, որը Հայաստանում կներկայացնի ավելի քան 60 000 անդամ ունեցող European Youth Press /EYP/ երիտասարդ մեդիագործիչների ցանցի նախաձեռնած համաեվրոպական ծրագիրը: Այն տեղի է ունենալու հունիսի 13-ին Երևանում` “THE LOFT” ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում:
2015թ-ի ընթացքում մամուլի երիտասարդ փորձագետներ աշխարհի 15 երկրներից, ովքեր ընտրվել են որպես Եվրոպայի ազատ մամուլի դեսպաններ, պարբերաբար կազմակերպում են հասարակական լսումներ ու բանավեճ-քննարկումներ իրենց երկրներում` փորձելով մամուլի ազատության խնդրի շուրջ համախմբել շահագրգիռ տարբեր կողմերի: Հայաստանյան ներկայացուցիչը միջազգային մեդիափորձագետ ,հեռուստառադիոհաղորդավար Վրույր Թադևոսյանն է:
Մեզ մոտ կայանալիք մեդիա-քննարկումը կանցկացվի ազատ զրույցի ձևաչափով: Հրավիրված բանախոսների թվում են ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ, ԵՊՀ իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետների դասախոս Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Փաստաբաններ պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, կինոգետ, թարֆմանիչ Զավեն Բոյաջյանը: Հարցուպատասխանին կմասնակցեն նաև մեդիափորձագետներ:
“Այն, որ մենք այսօր մամուլի ազատության ոլորտում ունենք լուրջ խնդիրներ, անժխտելի է: Արտաքուստ թվում է, թե ազատ ենք, կարող ենք գրել ինչ ուզում ենք: Բայց դա այդպես չէ: Այս հանդիպման ժամանակ էլ մեդիագործիչների ու տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ կփորձենք բարձրաձայնել խնդիրների մասին, խոսել մեր` երիտասարդ լրագրողների անելիքներից: Մեր նպատակը խնդրի լուծման ճանապարհները քննարկելն է: Մասնագիտական գործունեության ընթացքում չկա մի լրագրող, ով բախված չլինի ազատության սահմանափակման ու դրանից բխող այլ խնդիրների: Կարծում եմ` ‘’ինչպե՞ս վարվել’’ հարցը միշտ արդիական է, դրա անընդհատ քննարկումը պարտադիր է, քանի որ մեր մասնագիտությունը ստատիկ չէ, անընդհատ զարգացման ու փոփոխությունների մեջ է”,- նշում է միջազգային մեդիափորձագետ, հոռուստառադիոհաղորդավար Վրույր Թադևոսյանը:
Այս հանդիպում-քննարկումը հնարավորություն կտա երիտասարդ լրագրողներին ու փորձագետներին համախմբվել մեկ թեմայի շուրջ, այն է` մամուլի ազատություն և դրան առնչվող խնդիրների լուծման համակարգային մոտեցումներ: Հանդիպմանը տեղի կունենա նաև ուղիղ միացում Լոնդոնից. Index on censorship վերլուծական կենտրոնի փորձագետները կներկայացնեն խոսքի ազատության իրավիճակը Եվրոպայում և կխոսեն առկա խնդիրների լուծման հնարավոր ճանապարհների մասին:
Մեդիա քննարկմանը ներկա կլինեն նաև ծաղրանկարիչներ, ովքեր կհետևեն զրույցի ընթացքին և կփորձեն պատկերներով արտահայտել այն, ինչ լսում ու տեսնում են` ներկայացնելով թեմայի վերաբերյալ իրենց ասելիքն արդեն երգիծանքի լեզվով: Հանդիպումից օրեր անց կընտրվի լավագույն ծաղրանկարը, որի հեղինակը, այս ծրագրի շրջանակներում, կդառնա ծաղրանկարիչների միջազգային թիմի հետ աշխատող հայաստանյան ներկայացուցիչը:
Բոլոր այս նախաձեռնությունների արդյունքները կարտացոլվեն հետագայում հրատարակվելիք երգիծական գրքում և համացանցային հարթակներում:


