«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում արդեն ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները:
Նախապես ընտրված 600 երգերից յուրաքանչյուրի համար պատրաստվել է նկար, որը նկարագրում և ներկայացնում է տվյալ ստեղծագործությունը, նրա ժանրն ու տիպը։
Ներկայացնենք պատրաստ երգերից մի քանիսի մասին տեղեկատվություն։
«Հեյ գյուլ եմ»-ը վիճակի երգ է, այն երգել են Համբարձման կամ ծաղկամոր տոնին: Գյուղա- կան ժողովրդական կենցաղում չափազանց տարածված այս և մյուս Համբարձման տոնին նվիրված երգերին առանձնակի արժեք էր տրվում։ Աղջիկներր դրանց հետ էին կապում իրենց ճակատագրի իրագործումը։ Գեղջկական մյուս երգերի նման այս շարքի խմբերգերն էլ ունեն պարզ ներդաշնակություն։
«Սոնա յար»-ը ծիսական երգ է. այն երգում էին Վարդավառի ժամանակ՝ տղա և աղջիկ, փոխեփոխ, իսկ խումբը ձայնակցում էր նրանց: Երգում Վարդավառի ծիսակատարության ավետումն է աղջկան և վերջինիս գովքը՝ սիրահար տղայի կողմից: Երգի շնորհիվ մեր առջև բացվում է գյուղական կոլորիտը, որի կուսական բնությանը ձուլված աղջիկն իր ձայնով ու պարով սրտամաշ է անում բոլորին: Համեմատություններով ու փոխաբերություններով համեմված այս երգը Կոմիտասի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել: Այն ազգային երգադարանի գոհարներից է:
Նշենք նաև, որ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2014թ փետրվար ամսին, ծրագրի գաղափարը հղացել է 2013 թ. օգոստոս ամսից: Այն նպատակ ունի աջակցել հայ մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը: