Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է հունիսի 12, 1951թ.: 1967-72-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։
1972-74-ին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-78-ին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-79-ին՝ Էլեկտրատեխնիկականգործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90-ին՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-94-ին՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-95-ին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-99-ին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007-ին՝ ՀՀ վարչապետ։
2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։
Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։