Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զբաղեցնում է նախարարի պաշտոնը դեռ 2010թ.-ից։ Իր գործունեության ընթացքում Սերգո Կարապետյանը այլ պետական պաշտոն չի ունեցել: Նա զբաղվել է մասնավոր բիզնեսով, իսկ ավելի ճիշտ, երկար տարիներ աշխատել է «Արտաշատի պահածոների գործարան»-ում:
1972-1986թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեներ, այնուհետև 1986-1987թթ.՝ Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսության տնօրեն: Իսկ 1995-2011թթ. հանդիսացել է «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահ: Այժմ Սերգո Կարապետյանը անկուսակցական է, սակայն ժամանակին եղել է «ՕԵԿ» անդամ...ինչպես սպասելի էր, նա հեռացել է կուսակցությունից՝ «չկիսելով ՕԵԿ քաղաքական մտադրությունները»:
Մի խոսքով, մինչ նախագահի կողմից գյուղատնտեսության նախարար նշանակվելը պարոն Կարապետյանը զբաղվել է գյուղատնտեսական բիզնեսով: Միգուցե հենց այս հանգամանքով է բացատրվում նրա ունեցած հսկայական կարողությունը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2014թ.-ի տարեկան հայտարարագրով գյուղնախարարը հայտարարագրել է իր «համեստ» դրամական միջոցները՝ 79,500 դոլար, 78,200 եվրո և 175,000,000 դրամ: Բացի այս, պարոն նախարարը հայտարարագրել է «BMW X5» շքեղ ավտոմեքենա, որը արժե 13 մլն դրամ:
Իսկ Սերգո Կարապետյանի աշխատավարձը կազմում է 6,063,147 դրամ: Նրա եկամուտները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում. 2014թ.-ի հայտարարագրում գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը կազմել է 13 մլն դրամ:
Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարը Հայաստանի ամենահարուստ նախարարների ցանկում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Իսկ նախարարի որդի՝ Վաչագան Կարապետյանը հանդիսանում է Հայաստանում ամենախոշոր ընկերություններից մեկի՝ «Արտֆուդ» պահածոների գործարանի գլխավոր տնօրենը: Կապված «Արտֆուդ»-ի հետ պտտվում էին բազմաթիվ խոսակցություններ այն մասին, որ չեն վճարվում աշխատավարձերը, ինչպես նաև գյուղացիներից գնված մթերքների գումարները:
Ամեն դեպքում, հուսանք պարոն նախարարը իր «համեստ» ունեցվածքը դիզել է ոչ թե գյուղացիների հաշվին, այլ վաստակել է սեփական քրտիքնով, ինչը միանշանակ կասկածելի է...