ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կամո Ղալթախչյանի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու եղանակով վերջինիս նկատմամբ կատարվել է սպանության փորձ: Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Կամո Ղ.-ն հայտնել է, որ դա իր ընտանիքի նկատմամբ կատարված միակ ոտնձգությունը չէ, տեղեկացնելով, որ հիշյալ դեպքից շուրջ 6 ամիս առաջ դարձյալ նույն գյուղում ինքնաձիգի կրակահերթեր են արձակվել՝ այդ անգամ որդու վարած ավտոմեքենայի ուղղությամբ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դեպքից անմիջապես հետո հիշյալ ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն, տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին Կամո Ղ.-ի նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` առանձնապես ծանր հանցագործության դեպքը սահմանված կարգով չի հաշվառել, հանցագործության դեպքը հաշվառումից թաքցնելու դիտավորությամբ հիշյալ ավտոմեքենայի զննության արձանագրությունում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, չի արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, որի հետեւանքով դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը օրինական ընթացք չեն ստացել:

Նախաքննությունը շարունակվում է: