Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) հայտարարել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, նշվում է Ինտերպոլի պաշտոնական հայտարարությունում։
Պատճառը ՖԻՖԱ-ի դեմ ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի իրավապահ մարմինների կողմից իրականացվող հետաքննությունն է:
2011թ. մայիսին ՖԻՖԱ-ն ու Ինտերպոլը կնքել էին պայմանավորված հանդիպումների մոնիտորինգի մասին համաձայնագիր։ Ծրագիրը պետք է շարունակվեր մինչեւ 2021-ը։
Ծրագրի ստեղծման եւ զարգացման համար Ինտերպոլը ՖԻՖԱ-ից ստացել էր 20 միլիոն դոլար, որի օգտագործումը կդադարեցվի։
ՖԻՖԱ-ի պատմության մեջ խոշորագույն կառուպցիոն սկանդալի բարձրակետը եղավ կազմակերպության յոթ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը մայիսի 27-ին Ցյուրիխում։ Սպասվում է, որ նրանք կարտահանձնվեն ԱՄՆ-ին։
Շվեյցարիայի ոստիկանությունը եւս քրեական գործեր է հարուցել աշխարհի առաջնության անցկացման երկրի ընտրությունների ժամանակ փողերի լվացման կասկածով։