2011-2012 թթ. տնտեսվարողներին տրամադրվել է 32.2 մլրդ դրամի մատչելի վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար` 6 տոկոսը։ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության համաձայն, 2012 թ. սեպտեմբերին կառավարությունը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգել էր տոկոսադրույքի սուբսիդավորմամբ նոր վարկերի տրամադրման ժամկետը։ Եվ ահա կառավարության որոշմամբ սահմանվել է նոր ժամկետ` ս.թ. մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Որոշումն ուղղված է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացներին։ ՀՀ վարչապետն այսօր առաջարկել է գյուղատնտեսության նախարարին` է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ առաջիկայում խրհրդակցություն հրավիրել` քննարկելու գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի բերքի իրացման խնդիր եղել է։ «Հիմա, երբ սկսի մթերման շրջանը, մենք էլի խնդիրների առջև ենք կանգնելու, քանի որ գյուղացու ակտիվները, սեփական կապիտալը բավարար չեն, որպեսզի վարկային միջոցներ նրանց տրամադրվեն՝ գնումներ իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք հենց այսօր սկսենք այդ աշխատանքը՝ հասկանալով, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու 2013 թվականին, և մենք ինչ ծրագրեր ենք առաջարկելու, օգնելու գյուղատնտեսությանը՝ ապրանքի իրացման հարցում։ Ի մի բերեք բոլոր խնդիրները, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկեք, թե ինչ նոր մեխանիզմներ կարող ենք առաջարկել։ Մասնավորապես, մենք ունենք ուղղակի կապեր Ռուսաստանի տարբեր մարզերի հետ և ամեն տարի թարմացնում ենք նրանց հետ մեր պայմանագրային հարաբերությունները, նրանք մեզանից հետաքրքրվում են, թե ինչ գյուղապրանքներ մենք կարող ենք իրենց առաջարկել։ Դա պետք է հենց այժմվանից սկսել՝ տեսնել, իրենք շահագրգռվածություն ունե՞ն արդյոք, տեղափոխման ծախսերն ինչպիսի՞ն են։ Առանց պետության ակտիվ մասնակցության մենք 2013-ին լրջագույն խնդիրներ կունենանք», - եզրափակել է վարչապետը։
Գործադիրը թույլատրել է «Գոլդն գրեյփ Արմաս» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. մայիսի 22-ը։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին, Արագածոտնի մարզում կառուցում է գինու և կոնյակի արտադրության գործարան, որի համար նույն տարածաշրջանում հիմնել է 180 հեկտար խաղողի այգի։ Արտադրության կազմակերպման համար ընկերությունը կատարել է մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ունի արտահանման ուղղվածություն. արտադրանքի զգալի մասը նախատեսվում է իրացնել արտաքին շուկայում, այդ թվում` ՌԴ-ում և ԱՄՆ-ում։