Երեկ հրապարակած տեղեկատվությունից հետո մինչև կեսգիշեր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք է հոսպիտալացվել ևս 2 երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով։

Հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գիշերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց վիճակը գնահատվել է կայուն։ Կազմակերպված բուժման արդյունքում Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների մոտ առկա է առողջացման դրական տեղաշարժ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ահազանգը ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ և ծավալուն աշխատանքներ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ։ Համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում մասնագետներն արձանագրված դեպքերի միջև փոխկապակցվածություն չեն տեսնում։

Հիշեցնենք նաև, որ երեկ ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել: