«ՀԷՑ» ընկերությունը բացարձակապես անընդունելի է համարում էլեկտրաէներգիայի այն սակագինը, որն առաջարկում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, հայտարարեց Ռոբերտ Նազարյանը՝ կարդալով ՀԷՑ-ի ղեկավար Ե. Բիբինի ներկայացրած գրավոր դիմումը:
«Գրության մեջ նաև նշված է՝ սակագների հաստատումից հետո ընկերությունը դիմելու է ՀԾԿՀ՝ իրենց լիցենզավորման հեռանկարները քննարկելու համար: Ըստ պարոն Բիբինի՝ իրենց սակագինը տնտեսապես հիմնավորված է և հետևաբար, կոչ են անում՝ լավ գիտակցել կայացրած որոշման կարևորությունն ու ազդեցությունը»,- ասել է Նազարյանը:
Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ Բիբինն իր գրության մեջ հայտարարել է, թե իրենց առաջարկած էլեկտրաէներգիայի 17 դրամ թանկացումը չլինելու դեպքում, ընկերությունը չի կարողանալու հետագայում երաշխավորել էլեկտրաէներգիայի որակի հուսալիությունը:
Եվ հետևաբար ՀԷՑ-ը ստիպված կլինի դիմել ՀԾԿՀ-ին, առաջարկելով քննարկել «լիցենզավորված գործունեությունը շարունակելու հնարավորությունը», քանի որ այդ դեպքում լիցենզիայով սահմանված պարտականությունների կատարումն ընկերության կողմից անհնար կդառնա:
Նշենք նաև, որ այսօր մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, որով առաջարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93: