Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսին խոսելով հասարակական գործընթացների համատեքստում տեղեկատվական հոսքերի հիմնախնդիրների մասին, ասաց, որ տեղեկատվական հոսքերը շատ բազմակողմանի և բազմավեկտոր են:

«Ադրբեջանը փորձում է օգտագործել այս վիճակը և իրենց սոցիալական ցանցերը փորձում էին լցնել տեղեկատվության այն մասին թե ինչ վատ է Հայաստանում: Ընդհանրապես ադրբեջանական քարոզչական մեքենան այս մեխանիզմները 2011 թվականից է սկսել կիրառել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ռուսական քարոզչությանը,մասնագետն ասաց, որ նրանց մոտեցումը հակառակ տեսանկյունից է, այսինքն՝ նրանք ևս նշում են, թե Հայաստանում «մայդան» է տեղի ունենում՝ սակայն բացասական երանգով:

«Նրանք նշում են, որ սա ամերիկյան պրոյեկտ է և Ամերիկայի կողմից ֆինանսավորվում են, հայերին ահաբեկում են, թե մինչ դուք այդտեղ «մայդան» եք անում, նոր պատերազմ է սկսվելու»,- ասաց նա և նշեց, որ նույնիսկ գրառումներ կան, թե հետագայում փողը չի հերիքի դագաղների համար: