Չարենցավանում 20-ամյա աղջկա նկատմամբ ավազակային հարձակում կատարելու ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են դրա կեղծ լինելու մասին:
2015 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 20:40-ին, Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, ապա ներկայացվել հաղորդում, որ դիմակավորված 3 անձ մտել է նույն քաղաքի բնակարաններից մեկը, կապկպել տանտիրոջ 20-ամյա աղջկան ու հափշտակել 5 միլիոն ՀՀ դրամ:
Հաղորդման հիման վրա Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի հետազոտելու և օպերատիվ բացահայտելու ուղղությամբ։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ աղջիկն առանց ծնողներին իրազեկելու և թույլտվություն ստանալու, նրանց կուտակած գումարն ամբողջությամբ ծախսել է իր ընկերների հետ։ Վախենալով հոր հնարավոր արձագանքից՝ աղջիկը հունիսի 16-ին խառնել է տան իրերը, ապա ինքն իրեն կապկպել, զանգահարել է ազգականին ու օգնություն խնդրել:
Նախաքննության ընթացքում կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ 20-ամյա աղջիկը նկարագրել է իր գործողությունները, այդ թվում՝ ինքն իրեն կապելու եղանակը։
Նախաքննությունը շարունակվում է: