Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթը Առաջին Եվրոպական Ամառային խաղերում:
25 մարզիկից բաղկացած մեր թիմը իրեն լավ դրսևորեց Ադրբեջանի մայրաքաղաքում:
Ի պատիվ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի՝ Բաքվում ծածանվեց Հայոց եռագույնը: Մեր ըմբիշը նվաճեց արծաթե մեդալ:
Պատվո հարթակից ընդամենը 1 քայլ հեռու մնացին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ազատ ոճի ըմբիշ Լեվան Բերիանիձեն, ձյուդոիստ Սոսե Բալասանյանը, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանն ու Աշոտ Դանիելյանը: Նրանք գրավեցին 5-րդ տեղը:
Միայն գովեստի խոսքեր պետք է ասել 5-րդ տեղը գրաված հրաձիգ Հրաչիկ Բաբայանի հասցեին: 18 ամյա մարզիկը սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, հաղթեց որակավորման փուլում, առաջին տեղով մտավ եզրափակիչ ու միայն 14-րդ կրակոցի ժամանակ վրիպելով` ամենաուժեղների պայքարում գրավեց 5-րդ տեղը:
Լավ ելույթ ունեցան մեր բռնցքամարտիկներն ու թեքվանդիստը:
Մեդալին հատկապես մոտ էր Նարեկ Աբգարյանը: Նա նույնպես գրավեց 5-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է. «Մեր հավաքականն այս խաղերի ընթացքում իրեն դրսևորեց որպես մի համերաշխ թիմ: Որևէ տհաճ միջադեպ տեղի չունեցավ: Խաղերի մեկնելուց առաջ մենք գիտակցում էինք, թե ուր ենք մեկնում: Հասկանում էինք մեր քայլի լրջությունը:
Այսօր պիտի փաստենք, որ շնորհիվ մեր մարզիկների` Հայաստանը պատվով ներկայացավ Եվրոպական ընտանիքում: Մենք վերադառնում ենք բարձր գլխով և մեր առաքելությունը կատարած:
Բոլորիդ մաղթում եմ նոր ու մեծ հաղթանակներ»:
Yerevannews-ը նույնպես շնորհավորում է մեր մարզիկներին՝ հրաշալի ելույթների համար և մաղթում նրանց նորանոր բարձունքներ: